Կայա Կալասը չի կարողանա հանդես գալ որպես բանակցող ՌԴ-ի հետ
Եվրամիությունում հայտարարել են, որ եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հակառուսական դիրքորոշման պատճառով չի կարողանա հանդես գալ որպես համայնքի կողմից բանակցող ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, նա ինքն իրեն ջնջել է բանակցողների ցուցակից», – հայտարարել է ԵՄ անանուն դիվանագետը։
Թերթը բերում է նաև այն քաղաքական գործիչների ցուցակը, ովքեր կարող են ներկայացնել համայնքը ապագա բանակցություններում։
Մասնավորապես, նշվում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար ու Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի անունները։
Politico-ի այլ աղբյուրներ պնդում են, որ որպես միջնորդ կարող են հանդես գալ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեն կամ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

