Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք»

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու պետական ծրագրի փաստաթղթերը անցել են բնապահպանական փորձաքննություն, ստացել են դրական եզրակացություն։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ճեմուղու ծրագրի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, գրում է «Հետքը»։

2.8 կմ երկարությամբ և 6.5 մետր լայնությամբ ճեմուղին նախատեսվում է կառուցել Սևանա լճի «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչեւ Սևանավանքն ընկած հատվածում(թերակղզի)։ Ճեմուղին անցնելու է թերակղզու հարավային մերձափնյա գոտու երկայնքով՝ լճի ջրի եզրից 12 մետր և ավելի հեռավորության վրա։ Ուղեգծի երկայնքով առկա են հանգստյան տներ, անտառապատ հատվածքներ։ Տարածքում առկա եւ հատման(նաև տեղափոխման) ենթակա ծառերի տեսակներն ու քանակը պետք է ճշգրտվի շինարարության ընթացքում կապալառու կազմակերպության կողմից «Սևան ազգային պարկի» հետ համատեղ։

Թերակղզում՝ գրողների հանգստյան տան հարևանությամբ նախատեսվում է 45 մետրանոց վերալակ կառուցել, որը պետք է հնարավորություն տա մարդկանց բարձրադիր վայրից դիտել լճի համայնապատկերը։ Նույն տարածքում պետք է նաև 2 հարկանի շինություն կառուցվի, որում նախատեսվում է սրճարան, տոմսարկղ, սանհանգույց և տեղեկատվական կետ։ Համայնապատկերային վերալակից դեպի թերակղզու բարձրադիր մաս(վանական համալիր) մետաղական կոնստրուկցիաներով կամուրջ է նախատեսվում կառուցել։

Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը դեմ է արտահայտվել նախագծին, քանի որ ճեմուղին նախատեսված է կառուցել Սևանա լճի թույլատրելի նիշից(1905մ) ցածր հատվածներում(1902-1902.5մ)։ ՇՄԱԳ փորձաքննական հանձնաժողովը հաշվի չի առել մասնագետների կարծիքը։

Սևանա լճի ափին ճեմուղի կառուցելու մասին հայտարարվել էր դեռևս 2020 թ-ին, սակայն գաղափարը գործնական փուլ այդպես էլ չմտավ։ Այդ ժամանակ հայտարարվել էր, որ ճեմուղին ունենալու է 10 կմ երկարություն (Լճաշեն գյուղից–Սևանի թերակղզի)։ 2020 թ-ին գրել էինք ճեմուղու ծրագրի և լճի ափամերձ տարածքներում քանդման ենթակա շինությունների մասին։