Տարածաշրջանային անկայունությունը «պարտություն-պարտություն» իրավիճակ է բոլոր կողմերի, նաև՝ ագրեսորների համար․ Արաղչի
Որքանով պատրաստ ենք մեր ողջ ուժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը: Այս մասին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Ճշմարտությունն այն է, որ Իրանը, ինչպես շատ անկախ երկրներ, զոհ է դարձել անօրինական ծավալապաշտության և պատերազմ հրահրելու քաղաքականության: Սրանք այլանդակ երևույթներ են, որոնք տեղ չունեն այսօրվա աշխարհում: Նրանք, ովքեր ձգտում են անխոհեմ արկածախնդրությունների, թերևս կարծում են, թե այդ գործողությունները բխում են իրենց աշխարհաքաղաքական շահերից, սակայն, ինչպես այսօր հասկացել են ազգերն ու կառավարություններն ամբողջ աշխարհում, տարածաշրջանային անկայունությունը «պարտություն-պարտություն» իրավիճակ է բոլոր կողմերի, այդ թվում՝ հենց ագրեսորների համար»,- նշել է Արաղչին:
ԱԳ նախարարի խոսքով որքանով Իրանը պատրաստ է ողջ ուժով պայքարել հանուն իր ազատության, նույնքանով պատրաստ է հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը:
«Ես խոսում եմ մի ժողովրդի անունից, որը սարսափելի ռմբակոծությունների տակ ընտրեց դիմադրությունը. Մինաբի մայրերի անունից, ովքեր չկոտրվեցին իրենց զավակների կորստի ցավից. երիտասարդների անունից, ովքեր թույլ չեն տալիս պատերազմի փոշուն մթագնել իրենց լուսավոր ապագան. և մի ազգի անունից, որը, չնայած բոլոր ճնշումներին, շարունակում է հավատալ ազատ, կայուն և արդար աշխարհին: Այժմ բոլորի համար պետք է պարզ լինի, որ Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում: Որքանով պատրաստ ենք մեր ողջ ուժով պայքարել հանուն մեր ազատության և հողի պաշտպանության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը»,- ասել է Արաղչին:
Արաղչին ևս մեկ անգամ նշել է, որ թեև Իրանը պատրաստ է ջախջախիչ և կործանարար պատասխան տալ ԱՄՆ-ին և Իսրայելին, իրանցիները պատերազմ չեն ցանկանում և կոչ է արել ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները:

