Մայր Աթոռը հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը․ Տեր Եսայի
Մայիսի 14-ին՝ Համբարձման տոնին հիշատակվում է 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Սուրբ Էջմիածնում ազգային ճակատագիր կերտող շրջադարձային իրողություն էր։ Այն պարզապես կաթողիկոսանիստի հերթական տեղափոխություն չէր Սիսից դեպի Վաղարշապատ, այլ հայոց ազգային-հոգևոր կենտրոնի վերադարձն էր իր պատմական արմատին, այն սրբազան հողին, որտեղ ծնվել էր քրիստոնյա Հայաստանի ինքնությունը։
Սուրբ Էջմիածինը հայոց կյանքում եղել է և է ավելին, քան տաճար։ Այն հայոց առաջին քրիստոնյա պետության հոգևոր սիրտն է, Ս․ Գրիգոր Լուսավորչի և Ս․ Տրդատ Գ արքայի մեծագործության կենդանի վկայությունը, այն վայրը, որտեղ հավատքը դարձավ պետական կյանքի հիմք, իսկ պետականությունը՝ հոգևոր առաքելության պաշտպան։ Այդ պատճառով էլ Մայր Աթոռ Ս․ Էջմիածի պատմությունը հնարավոր չէ բաժանել հայոց քաղաքական պատմությունից։ Երբ հայոց պետական իշխանությունը զորեղ էր, Սուրբ Էջմիածինը նրա հոգևոր լեգիտիմության կենտրոնն էր։ Երբ պետականությունը կործանվեց, Սուրբ Էջմիածինը դարձավ այն հաստատությունը, որը պահեց ոչ միայն պետականության հիշողությունը, այլև՝ ազգային կազմակերպվածության ոգին և ապագա վերականգնման հույսը։
Դարեր շարունակ կաթողիկոսական աթոռը, արտաքին նվաճումների, քաղաքական անկայունության և պատերազմների հետևանքով, ստիպված էր հեռանալ իր սկզբնական վայրից։ Դվին, Աղթամար, Անի, Հռոմկլա․․․, Սիս. այս ճանապարհը միայն եկեղեցական նստավայրերի հերթափոխ չէր։ Այն հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի քարտեզն էր։ Երբ աշխարհիկ իշխանությունը տեղափոխվում էր, թուլանում կամ փլուզվում, եկեղեցին գնում էր ժողովրդի հետ՝ պահպանելու նրա հոգևոր միասնականությունը, մշակութային հիշողությունը և ազգային ինքնությունը։
Կաթողիկոսական աթոռի վերադարձը հեռատես ազգային ռազմավարություն էր։ Հայ քաղաքական և հոգևոր վերնախավը գիտակցում էր, որ առանց հայրենի հողի վրա գործող համահայկական կենտրոնի՝ հայ ժողովրդի հետագա գոյությունը կարող էր դառնալ անկառավարելի ցրվածություն։ Պետություն չկար, բայց պետք էր պահպանել պետականության ներքին կառուցվածքը՝ հիշողություն, առաջնորդություն, կազմակերպվածություն, դիվանագիտական կողմնորոշում, կրթական համակարգ, մշակութային գործունեություն և ժողովրդի համախմբման կենտրոն։ Այս առաքելությունը ստանձնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
1441 թ․ Վաղարշապատի ժողովը այդ իմաստով եղավ ոչ միայն եկեղեցական, այլև ազգային-քաղաքական մեծ համախմբում։ Այնտեղ ընդունված որոշումը վերահաստատեց Սուրբ Էջմիածինը որպես հայության հոգևոր և պատմական կենտրոն։ Հայ ժողովուրդը, պետականությունից զրկված լինելով, վերականգնեց իր հավաքական գոյության կենտրոնական առանցքը։ Մայր Աթոռը դարձավ այն ինստիտուտը, որը պետք է պահեր ազգը մինչև այն օրը, երբ նորից հնարավոր կլիներ խոսել պետականության վերականգնման մասին։
Մայր Աթոռի պետականաստեղծ առաքելությունը հատկապես երևաց այն հանգամանքով, որ Ս․ Էջմիածինը կարողացավ լրացնել բացակայող պետության բացը՝ առանց աշխարհիկ պետության վերածվելու։ Սա կարևոր տարբերակում է։ Եկեղեցին չփոխարինեց պետությանը քաղաքական իմաստով, այլ պահեց այն կենսական պայմանները, առանց որոնց պետությունը չէր կարող երբևէ վերականգնվել։ Նա պահեց լեզուն, հավատքը, կրթությունը, ազգային հիշողությունը, պատմական իրավունքի գիտակցումը և հայության կապը հայրենի հողի հետ։
Սուրբ Էջմիածնի վերահաստատումը Արարատյան դաշտում ուներ նաև ժողովրդագրական կարևոր նշանակություն։ Դարեր շարունակ պատերազմների, բռնագաղթերի, ավերածությունների և օտար տիրապետությունների հայահալած քաղաքականության հետևանքով Հայկական լեռնաշխարհի սիրտը ենթարկվում էր հայաթափման վտանգի։ Մայր Աթոռի ներկայությունը դարձավ այն հոգևոր և ազգային ձգողական ուժը, որը հայությանը կապեց հայրենի հողին։ Սուրբ Էջմիածինը թույլ չտվեց, որ Արարատյան դաշտը վերածվի պարզապես աշխարհագրական տարածքի։ Այն մնաց հայրենիք՝ սրբագործված, հիշված, պաշտպանված և սպասող։
Հատկանշական է, որ Մայր Աթոռի առաքելությունը միայն հոգևոր չէր, այլև կազմակերպչական։ Էջմիածինը դարձավ վարչական, կրթական, մշակութային և դիվանագիտական կենտրոն։ Հայոց կաթողիկոսները տարբեր դարերում հանդես եկան նաև որպես ազգային ազատագրական պայքարի նախաձեռնողներ և կազմակերպիչներ օտար իշխանությունների, կայսրությունների և միջազգային շրջանակների հետ հարաբերություններում։ Պետություն չունեցող ժողովրդի համար սա կենսական նշանակություն ուներ։ Մայր Աթոռը պահեց հայության իրավասուբյեկտության գիտակցումը, որ հայ ժողովուրդը պատմական ժողովուրդ է, կազմակերպված մարմին, ոչ թե ցրված համայնքների պատահական բազմություն։
Այս պետականաստեղծ տեսլականը նոր ուժ ստացավ հատկապես 18-րդ դարում՝ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի օրոք։ Նրա գործունեությունը ցույց տվեց, որ Մայր Աթոռը կարող է գործել ոչ միայն որպես սրբավայր, այլև որպես ազգային վերակազմակերպման կենտրոն։ Էջմիածնում տպարանի հիմնումը, թեմական և նվիրապետական համակարգում Ամենայն Հայոց Կաթողիկոսության իրավունքների հաստատումը, կրթական և մշակութային ծրագրերի զարգացումը, համահայկական կապերի ամրապնդումը միտված էին մեկ նպատակի՝ ցրված ազգին տալ հոգևոր, մտավոր և ինստիտուցիոնալ կենտրոն։
Այս հիմքի վրա հետագայում ձևավորվեց նաև հայ քաղաքական մտքի նոր շրջանը։ 19-րդ դարի ազգային զարթոնքը, աշխարհիկ մտավորականության աճը, կուսակցությունների ձևավորումը և ազատագրական գաղափարների զարգացումը դատարկ տարածության մեջ չծնվեցին։ Դրանք աճեցին այն հողի վրա, որը դարեր շարունակ պահպանել ու փայփայել էր Մայր Աթոռը։ Երբ ազգը չունի հիշողություն, չի կարող ունենալ քաղաքական ծրագիր։ Երբ չունի կենտրոն, չի կարող ունենալ համախմբում։ Երբ չունի սրբազան հայրենիքի գիտակցում, չի կարող ունենալ պետականության պահանջ։ Սուրբ Էջմիածինը այս երեքն էլ պահեց՝ հիշողությունը, կենտրոնը և հայրենիքի սրբազան գաղափարը։
Մայր Աթոռի պետականաստեղծ առաքելությունը առավել ողբերգական և միաժամանակ հերոսական կերպով երևաց Հայոց ցեղասպանության և Առաջին Հանրապետության տարիներին։ 1915 թվականին, երբ արևմտահայությունը ենթարկվում էր բնաջնջման, Սուրբ Էջմիածինը դարձավ փրկության հանգրվան։ Այն ոչ միայն աղոթքի վայր էր, այլ որբերի, գաղթականների, հիվանդների, հուսահատվածների և կոտորոածներից փրկվածների ապաստան։ Մայր Աթոռը կազմակերպեց օգնություն, ձայն բարձրացրեց միջազգային հարթակներում, համախմբեց մտավորականներին ու բարերարներին։
1918 թվականի մայիսյան օրերին թուրքական զորքերի առաջխաղացումը սպառնում էր ոչ միայն Երևանին, այլև Սուրբ Էջմիածնին։ Այդ պահին կաթողիկոսին առաջարկվում էր հեռանալ, փրկել իրեն և Մայր Աթոռի սրբությունները։ Սակայն Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց լքել Սուրբ Էջմիածինը։ Նրա կեցվածքը միայն անձնական քաջության դրսևորում չէր։ Դա պետական մտածողության բարձրագույն արտահայտություն էր։ Երբ առաջնորդը մնում է իր սրբավայրում, ժողովուրդը հասկանում է, որ նահանջի տեղ այլևս չկա։ Էջմիածնի զանգերը հնչեցին ոչ միայն որպես աղոթքի կանչ, այլև որպես գոյամարտի հրավեր։
Սարդարապատը, Բաշ-Ապարանը և Ղարաքիլիսան դարձան այն ճակատամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը փրկվեց վերջնական կործանումից և կարողացավ հռչակել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Բայց այդ հաղթանակների խորքում կար նաև Մայր Աթոռի դարավոր ներկայությունը։ Եթե Սուրբ Էջմիածինը 1441 թվականին չվերադառնար Արարատյան դաշտ, եթե դարեր շարունակ չպահեր այդ հողի հոգևոր ու ազգային կենտրոն լինելու հրամայականը, ապա 1918 թվականի պետական վերածնունդը չէր ունենա նույն աշխարհագրական, ժողովրդագրական և հոգեբանական հիմքը։ Երևանը դարձավ նոր պետության մայրաքաղաք՝ Սուրբ Էջմիածնի շնչի տակ, նրա պատմական ու հոգևոր ազդեցության դաշտում։
Խորհրդային տարիներին Մայր Աթոռը կրկին հայտնվեց փորձության մեջ։ Պետական աթեիզմը, եկեղեցական ունեցվածքի բռնագրավումները, հոգևորականների հալածանքները և կաթողիկոսական իշխանության սահմանափակումները նպատակ ունեին կտրել հայ ժողովրդին իր հոգևոր արմատից։ Սակայն Սուրբ Էջմիածինը դիմացավ։ Նա դարձավ հայրենիքի և Սփյուռքի միջև մնացած ամենակարևոր կամուրջներից մեկ։
1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումից հետո կրկին պարզ դարձավ, որ Մայր Աթոռի դերը չի պատկանում միայն անցյալին։ Սուրբ Էջմիածինը շարունակում է մնալ հայոց պետականության բարոյական, պատմական և հոգևոր հենասյուներից մեկը։
Այսօր, երբ աշխարհը կրկին լեցուն է անորոշություններով, իսկ հայ ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առաջ, Սուրբ Էջմիածնի պետականաստեղծ առաքելության մասին խոսելը անցյալի փառաբանություն չէ։ Դա ներկայի անհրաժեշտություն է։ Պետականությունը միայն սահման, բանակ, օրենք և կառավարություն չէ։ Պետականությունը նաև հիշողություն է, հավատարմություն, ինքնության շարունակականություն և պատմական առաքելության գիտակցում։ Այս համատեքստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել և մնում է հայոց պետականության հոգևոր մայրաքաղաքը։
1441 թ․ Աթոռի վերադարձը Սուրբ Էջմիածին հայ ժողովրդի պատմության մեջ պետք է ընկալվի պետականության երկար ճանապարհի հիմնարար հանգրվան։ Այն պահեց հայրենիքի գաղափարը այն ժամանակ, երբ հայրենիքը մասնատված էր։ Պահեց ազգի կենտրոնը այն ժամանակ, երբ քաղաքական կենտրոն չկար։ Պահեց ապագա պետության տեսլականը այն ժամանակ, երբ քաղաքական անկախությունը թվում էր անհասանելի երազանք։
Այս իմաստով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միայն եկեղեցական հաստատություն չէ։ Այն հայոց պատմական գոյության առանցքն է, պետականության հիշողության պահապանը և ազգային վերածնունդների լուռ, բայց վճռական կերտողը։
Նրա զանգերը դարեր շարունակ հնչել են ոչ միայն որպես աղոթք, այլև հայ ժողովրդի գոյության, պայքարի ու հաղթանակի վկայություն։ Եվ քանի դեռ այդ կանչը լսելի է, հայոց պետականության հոգևոր հիմքը մնում է ամուր։
Եսայի ավագ քահանա Արթենյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն

