Աբովյանի «Պիցցա Տաշիր»-ի արտադրական գործունեությունը ևս կասեցվեց

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացրած վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ. ի մասնավորի՝

– սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի պահվել նորոգ վիճակում,

– սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Աբովյանում գտնվող «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել գործող նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: