Վրաստանի և Հայաստանի երկաթուղայինները քննարկել են ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերը
«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:
Մասնավորապես որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում հիմնականում Չեխիայից՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։

