Վրաստանում ՀՀ դեսպանը շնորհավորել է Շիո Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս֊պատրիարք ընտրվելու առիթով
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիոն Երրորդին՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարք ընտրվելու, օծվելու և գահակալության առիթով։
«Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին, ում հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը, այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։
Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և, առավել են հզորացնելու վրաց ժողովուրդն ու Մայր եկեղեցին»,- նշել է դեսպանը։
Նորընտիր պատրիարք Շիոն 57 տարեկան է։ Մինչև 1993 թվականին վանական ձեռնադրվելը Շիոն սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականին նա ավարտել է Բաթումի հոգևոր ճեմարանը, այնուհետև իր աստվածաբանական կրթությունը շարունակել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայում և Սուրբ Տիխոնի ուղղափառ հումանիտար համալսարանում, որն ավարտել է 2005 թվականին։ 2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի կողմից նա ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010 թվականին բարձրացել է միտրոպոլիտի հոգևոր աստիճանի։
2017 թվականին կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հրամանագրով միտրոպոլիտ Շիոն նշանակվել է պատրիարքական գահի տեղապահ։
Վրաստանի 141-րդ կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկանում։

