Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին և մարմնի տարբեր հատվածներին
Մայիսի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում «Սպիտակի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ վայր ընկնելու հետևանքով, «ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով, ենթամաշկային էնֆիզեմա» ախտորոշումով, իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Գոռ Ա․-ն է։
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 2-ին ժամը 23։30-ի սահմաններում Սպիտակ համայնքի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող ավտոգազալցակայանի առջևի հատվածում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար Մ․-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գոռ Ա․-ի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

