Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք

Ձվարանի քաղցկեղի իրազեկման համաշխարհային օրը նշվում է ամեն տարի մայիսի 8-ին: 2026 թվականին այս օրը նշվում է «Ոչ մի կին չպետք է անտեսվի» (#NoWomanLeftBehind) կարգախոսի ներքո:

«Հերացի» վերլուծական կենտրոնը նշում է, որ Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք։ Այն հանդիսանում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։

Օրվա հիմնական նպատակներն են`բարձրացնել իրազեկվածությունը ձվարանի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ, կարևորել վաղ ախտորոշման դերը ապրելիության ցուցանիշի բարձրացման հարցում, միավորել հիվանդությունը հաղթահարածներին, նրանց ընտանիքներին և բժշկական հանրությանը:

Ձվարանի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի 8-րդ ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում՝ 2022 թվականին գրանցվել է ավելի քան 324,000 նոր դեպք և 206,000 մահ` ըստ Համաշխարհային քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի տվյալների։ Կանանց համար կյանքի ընթացքում ռիսկը գնահատվում է մոտավորապես 91-ից 1: 2050թ.-ի համար կանխատեսվում է, որ դեպքերի թիվը տարեկան կհասնի 500,000-ից ավելիի, իսկ մահացությունների թիվը՝ 350,000-ից ավելիի։ Դեպքերի ամենաբարձր տվյալները գրանցվում են Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում:

Ձվարանի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ վաղ փուլերում այն կարող է ընթանալ առանց ակնհայտ նշանների:

Ուշադիր և զգոն պետք է լինել հետևյալ ախտանիշների նկատմամբ, եթե դրանք նոր են և պարբերական.

  • Որովայնի փքվածություն և չափսերի մեծացում
  • Կոնքային կամ որովայնային ցավեր
  • Ախորժակի կորուստ կամ արագ հագեցվածության զգացում
  • Միզարձակման հաճախակիացում կամ հրատապություն:

Բջջի տեսակը, որից սկսվում է քաղցկեղը, կանխորոշում է ձվարանների քաղցկեղի տեսակը և օգնում բժշկին որոշելու, թե որ բուժումն է լավագույնը տվյալ պացիենտի համար:

Ձվարանների քաղցկեղի տեսակները ներառում են.

  • Ձվարանների էպիթելիալ քաղցկեղ. այս տեսակն ամենատարածվածն է: Այն ներառում է մի քանի ենթատեսակներ, այդ թվում՝ սերոզ կարցինոմա և մուցինոզ կարցինոմա:
  • Ցողունային (ստրոմալ) ուռուցքներ. այս հազվադեպ ուռուցքները սովորաբար ախտորոշվում են ավելի վաղ փուլում, քան ձվարանների այլ քաղցկեղները:
  • Սեռական բջիջների ուռուցքներ. ձվարանների այս հազվադեպ քաղցկեղները հակված են առաջանալու ավելի երիտասարդ տարիքում:

Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը, ներառում են հետևյալը.

  • Ավելի մեծ տարիք. ձվարանների քաղցկեղի վտանգը մեծանում է տարիքի հետ: Այն առավել հաճախ ախտորոշվում է տարիքով մեծ կանանց մոտ:
  • Ժառանգական գենային փոփոխություններ (մուտացիաներ). ձվարանների քաղցկեղի մի փոքր տոկոսը պայմանավորված է գենային փոփոխություններով, որոնք ժառանգվում են ձեր ծնողներից: Այն գեները, որոնք մեծացնում են ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը, ներառում են BRCA1 և BRCA2:
  • Ձվարանի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ). եթե կան արյունակից հարազատներ, որոնց մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, ապա հիվանդության ռիսկն ավելի բարձր է:
  • Ավելորդ քաշ կամ գիրություն ունենալը. ավելորդ քաշը կամ գիրությունը մեծացնում է ձվարանների քաղցկեղի ռիսկը:
  • Հետդաշտանադադարային հորմոն-փոխարինող թերապիա. հորմոնային փոխարինող թերապիայի ընդունումը՝ դաշտանադադարի գանգատներն ու ախտանիշները վերահսկելու համար, կարող է մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը:
  • Էնդոմետրիոզը նույնպես կարող է մեծացնել ձվարանի քաղցկեղի ռիսկը:

Անհրաժեշտ է պարբերաբար այցելել գինեկոլոգի, հետազոտվել, հատկապես եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն:

Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք։ Այն հանդիսանում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։ Ցավոք, դեպքերի շուրջ 65%-ը հայտնաբերվում է ուշ՝ III կամ IV փուլերում, ինչը զգալիորեն բարդացնում է բուժումը։ Պացիենտների միջին տարիքը կազմում է 55 տարեկանը։

Ըստ «Չարորակ նորագոյացություններ» վիճակագրական տարեգրքի տվյալների`Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների`այս դեպքում ձվարանի քաղցկեղի դեպքերն ըստ տարիքային խմբերի 2024 թվականին ունեցել է հետևյալ տեսքը. գրանցվել է ձվարանի քաղցկեղի 218 նոր դեպք, որից 66 դեպքը կամ 30%-ը արձանագրվել է 45-59 տարիքային խմբում, իսկ դեպքերի գերակշիռ մասը` 127-ը կամ 58%-ը գրանցվել է 60 և բարձր տարիքային խմբում:

2024 թվականի տարեվերջին ձվարանի ՉՆ ախտորոշված ընդհանուր պացիենտների թիվը եղել է 1726: