Առաջարկվում է վերացնել պետական պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը
««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը: Նախագիծը ԱԺ-ում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
Նշվում է, որ դեռև 2023 թվականին կատարված փոփոխություններով Աշխատանքային օրենսգրքից հանվել է տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը: Արդյունքում, 2023 թվականի հուլիսի 30-ից սկսած աշխատանքային հարաբերություններն այլևս չեն կարող դադարեցվել աշխատողի տարիքի հիմքով:
ԱԺ հաղորդմամբ, միևնույն ժամանակ, մի շարք ոլորտային օրենքներում դեռևս պահպանվել էին տարիքային շեմի սահմանափակումներ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել հետևյալ՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում:
Փոփոխությունների արդյունքում տարիքով պայմանավորված սահմանափակումները կհանվեն, և աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք կարող են լինել միայն մասնագիտական կարողությունները, կատարողականը և աշխատանքի արդյունավետությունը:
Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ նախաձեռնության հիմքում դրված է նաեւ «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը», որով նախատեսվում է ապահովել ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերություն՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում եւ նրանց ներուժի լիարժեք իրացմամբ:
Երկրորդ ուղղությամբ, ըստ զեկուցողի, նախագծերի փաթեթով նախատեսվում է հնարավորություն ստեղծել պետական աշխատողների որոշակի խմբերի համար դառնալ խնամատար ծնող եւ դրա համար ստանալ համապատասխան վարձատրություն, եթե այլ օրենքով կամ Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ:
Նշվում է, որ երեխայի՝ ընտանիքում մեծանալու այլընտրանքային հիմնական ձևը խնամատարությունն է, և առաջարկվող փոփոխություններով պետական ծառայողները եւս չեն ունենա խնամատար ծնող դառնալու իրավական սահմանափակում:

