Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ. Բելառուսի ԱԳՆ-ը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունները Բելառուսի ոչ ինքնուրույնության մասին, հայտնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական էլեկտորատին ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը գերազանցում է բոլոր սահմանները՝ արդեն անցնելով 40%-ի շեմը, գործազրկությունն աճում է, իսկ ամբողջական տարածաշրջաններ լճանում են, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակելն ու վիրավորական պիտակներ կպցնելու մեջ վարժվելն է։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ռուսլան Վարանկովը։

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Բելառուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ «Մենք հպարտանում ենք այդ համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ։ Մինսկին ներքաղաքական վեճերի մեջ ներքաշելու փորձերը՝ առասպելական միջամտության կարգախոսների ներքո, տարրական դիվանագիտական էթիկայի կոպիտ խախտում են։ Իսկ պաշտոնական Երևանի այսպես կոչված հավասարակշռված արևմտամետ կուրսի արդյունքներն ակնառու են՝ դեպոպուլյացիա (բնակչության նվազում), քրոնիկ տնտեսական անկայունություն և լիակատար արտաքին քաղաքական կախվածություն, որն ստիպում է խամաճիկի պես սպասարկել օտարների գագաթնաժողովները»,- հայտարարել է Ռուսլան Վարանկովը։

«Բելառուսներին ու հայերին կապում են ամուր պատմական կապեր, և մենք համոզված ենք՝ վաղ թե ուշ Հայաստանի ղեկավարությունը կլսի առողջ դատողության ձայնը և կվերադառնա մեր երկրի հետ կառուցողական երկխոսությանը, որպեսզի մեր պետությունները կրկին դառնան իսկապես բարեկամական և ռազմավարական գործընկերներ»,- եզրափակել է դիվանագետը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենք թույլ չեն տա Հայաստանը վերածել նահանգի և կառավարվել Բելառուսի նման: