Մենք ունենք շատ լուրջ և գոյաբանական տեսակի երկու պրոբլեմ
Մենք ունենք շատ լուրջ և գոյաբանական տեսակի երկու պրոբլեմ՝
1․ Հասկանալ աշխարհում ապրելու սկզբունքները, մեխանիզմներն և տեխնոլոգիաները որպես ուժի ու մտքի սիմբիոզ, որի նպատակն էլ առավելագույն ընհանրացված շահ ստանալը և նվազագույն կորուստ ունենալն է։
2․ Կարողանալ իրատեսորեն չափել մեր սեփական ուժն ու խելքը և հնարավորինս ճիշտ գնահատել մեր տեղը արևի տակ, որտեղ էլ ապրելը կյանքի ու մահի խնդիր է, ոչ թե մի թեթև զբոսանք, ինչպես մեզ թյուրիմացորեն թվացել է ռուսների կողմից 200-ամյա պաշտպանության ներքո։
Շատ էական է նաև հասկանալ այն, որ եթե չես կարողանում լավ ապրել, ապա քո խնդիրը դառնում է սոսկ ապրելը, որին էլ խանգարում են մեր անիմաստ ամբիցիաները, որոնց իրականացման շանսը մոտ է զրոյին, քանի որ մենք դրա համար անհրաժեշտ ունակությունները չունենք։
Նման իրավիճակում կարևոր է նաև հասկանալ, թե որտեղից են եկել այդ «Ա» դասի ամբիցիաները, երբ դու ունես «Ճ» դասի ունակություններ և որի ակունքներն էլ գտնվում են խորհրդային կյանքի ետպատերազմյան հատվածում, երբ մենք որևէ կարգի գոյաբանական պրոբլեմ չունեինք, բայց նաև ունեինք զարգանալու հիանալի հնարավորություններ։
Որպեսզի այս հարցը մի փոքր ավելի իրատեսորեն պատկերացնենք ու գնահատենք, փորձենք պարզել, թե որոնք են մեր այսօրվա ծանր վիճակի հիմնական պատճառները։
Իսկ դրանք երկուսն են՝ մենք չենք կարողանում ապահովել մեր կյանքի անվտանգությունը և դրա որակը, այսինքն ցանկացած մասշտաբի պետության համար այն երկու պրոբլեմները, որոնք նրա գոյության հիմքն են։
Հիմա հարց, ո՞վ էր ապահովում այդ ամենը մեզ համար և ո՞րն էր դրա գինը։
Պատասխան՝ այդ ծանր ու պատասխանատու բեռը ընկած էր բացառապես խորհրդային իշխանության վրա, իսկ գինն էլ մեր ազատության, իրավունքի և ինքնիշխանության ինչ որ չափի սեկտորային սահմանափակումներն էին, բայց միաժամանակ մենք ունեինք ներքին ինքնիշխանություն, զարգացում և արդյունաբերական, տեխնոլոգիական, գիտական, կրթական ու մշակութային լիարժեք կյանք։
Դրանից բացի, մենք նաև դոտացիայով ապրող ազգային միավոր էինք, առանց որևէ դժվարության ռեսուրսային ու էներգետիկ ոլորտներում։
Եթե մենք այսքան անլուրջ, թեթևամիտ ու պարզունակորեն մտասևեռված չլինեինք, պետք է կարողանայինք օբյեկտիվորեն գնահատել այն ահռելի ավանդը, որն ունեցել է խորհրդային իշխանությունը մեր կյանքում։
Եվ հենց այդ ամենը գնահատել չկարողանալն է պատճառը, որ մենք մեր խարխուլ մակույկով միջազգային փոթորկուն օվկիանոս դուրս գալով, որևէ խաղաղ ափ չենք կարողանում գտնել թեկուզ մի փոքր շունչ քաշելու համար։
Նայեք մեր անլուրջ ու անմտության բոլոր կարմիր գծերը շատ վաղուց հատած ներքին քաղաքական կյանքին, սկսած անկախության առաջին օրից։
Դա եղել է մի ընթացք, որի պատահական վերև-ներքև շեղումները եթե դնենք մի կողմ, ապա կարող ենք տեսնել անընդհատ անկման տենդենց, առանց որի չէր լինի այսօրվա ծայրահեղ անընդունելի վիճակը։
Մինչև այսօր մեր անկախ կյանքը իր տարբեր տեսակի վայրուվերումներով մեզ տարել է դեպի չգոյության խոր փոսը և եթե մնա մեզ, ապա նման ընթացքը կմնա անփոփոխ։
Այս պայմաններում միակ հույսը մնում է այն, որ ներկա գլոբալ թոհուբոհի պայմաններում մեր հարցը, ի թիվս մեր նմանների հետ կապցած բազմաթիվ հարցերի, իր ինչ-որ տեսակի լուծումը կգտնի հզորների բախման տևական պրոցեսի արդյունքում, մի բան, որում մենք, ինչպես միշտ, կունենանք դիտողի դեր միայն։
Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կույր բախտն այս անգամ ինչ կասի մեզ։
Իհարկե, շատ լավ ապրելը շատ լավ բան է, բայց եթե դա չես կարողանում ու, բացի դրանից, չապրելն է նաև չոքում դռանդ, ապա պարզվում է, որ թեկուզ միայն ապրելն էլ շատ լավ բան է։
Երբ խորապես պառակտվածության ու ապրելու կամքը կորցրած լինելու պատճառով ներքին ուժերի գումարը կամ դրանց համազորը մոտենում է զրոյին, ապա միակ որոշիչ հանգամանքը մնում է արտաքին ուժերի համազորը, որն էլ թե ուր կտանի մեզ՝ բախտի բան է։
Լավ կլինի նաև դադարեցնել մեր ուժերը միավորելու կոչերը, որոնք քանի գնում, այնքան տխուր ու չար կատակի տեսք են ստանում։

