Ուկրաինան առաջարկում է երկարաժամկետ հրադադար. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ և քննարկել Մայիսի 9-ին ռուսական կողմից առաջարկված կարճաժամկետ հրադադարի մանրամասները: Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր էջում՝ անդրադառնալով ՌԴ նախագահի համապատասխան առաջարկին:

«Ես մեր ներկայացուցիչներին հանձնարարել եմ կապ հաստատել Միացյալ Նահանգների նախագահի թիմի հետ և պարզել կարճաժամկետ լռության վերաբերյալ ռուսական առաջարկի մանրամասները։ Ուկրաինան ձգտում է խաղաղության և ապահովում է անհրաժեշտ դիվանագիտական ​​աշխատանք այս պատերազմի իրական ավարտի համար։ Եկեք պարզենք, թե կոնկրետ ինչ է քննարկվում. Մոսկվայում շքերթի ընթացքում մի քանի ժամյա անվտանգությո՞ւն թե՞ ավելին», – գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ ցանկանում է հասնել տևական հրադադարի և պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:

«Մեր առաջարկն է երկարաժամկետ հրադադարի հաստատումը, որը կերաշխավորի մարդկանց հուսալի անվտանգություն և երկարատև խաղաղություն։ Ուկրաինան պատրաստ է աշխատել դրա համար ցանկացած արժանի և արդյունավետ ձևաչափով», – հավելել է Զելենսկին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 29-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները: Ըստ ՌԴ նախագահի օգնականի՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան ամեն դեպքում կհասնի ռազմական գործողության նպատակներին, սակայն կնախընտրեր դա անել բանակցությունների միջոցով:  Պուտինը նաև հայտնել է, որ պատրաստ է հրադադար հայտարարել Հաղթանակի օրվա կապակցությամբ: Դոնալդ Թրամփն ակտիվորեն աջակցել է այս նախաձեռնությանը: