Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
«Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը եւ երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց եւ անհետ կորած համարվողների խնդրին»:

