Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում
«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որն ընտրություններում հաղթանակից հետո շուտով կդառնա Հունգարիայի վարչապետ, հնարավոր է համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալումը նրա՝ Հունգարիա այցելության դեպքում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում:
Պատասխանելով հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետը կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա, Մադյարը նշել է, որ իր կառավարությունը մտադիր է պահպանել Հունգարիայի անդամությունը Միջազգային քրեական դատարանին:
«Եթե ինչ-որ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ է, և հետախուզման մեջ գտնվող անձը ժամանում է մեր երկրի տարածք, նա պետք է ձերբակալվի», – ասել է Մադյարը:
2024 թ. նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար: Դրանից հետո ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի հրամանագրերը, այդ թվում՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանագիրը։
2025 թ. ապրիլին՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանից հետո, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանից իր երկրի դուրս գալու մասին՝ նշելով, որ միջազգային դատական այդ մարմինը վերածվել է քաղաքական գործիքի։ Դրանից հետո Նեթանյահուն այցելել է Բուդապեշտ, որտեղ հանդիպում է անցկացրել Օրբանի հետ:

