Որ դեպքում կուսակցության կամ դաշինքի գրանցումը կմերժվի. պարզաբանում է ԿԸՀ նախագահը
ԸՕ-ն հստակ սահմանում է, թե որ դեպքերում է մերժվում կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի գրանցումը, և ինչ չափանիշների պետք է բավարարի կուսակցությունը կամ դաշինքը՝ գրանցվելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Այս կամ այն քաղաքական ուժի կամ կուսակցությունների դաշինքի նկատմամբ քրեական հետապնդումները, վարչական տուգանքները և այլն որևէ կապ չունեն կուսակցության գրանցման հետ։ Դուք այս պահին խոսում եք մի երևույթի մասին, որը կապ չունի ընտրական օրենսգրքի հետ։ Երբ կուսակցությունը փաստաթղթեր է ներկայացնում և պատշաճ գրանցվում է, դրանից հետո, եթե ընտրական օրենսգրքով սահմանված այնպիսի խախտումներ է թույլ տալիս, կամ պարզվում է, որ, օրինակ, փաստաթղթերը կեղծված են, այդ ժամանակ կուսակցության գրանցումը կարող է չեղյալ համարվել»,– ասել է Հովակիմյանը։
Հովակիմյանի խոսքով՝ «որպեսզի քաղաքական ուժը, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը չգրանցվի, նա պետք է «ջանք ու եռանդ ներդնի», այսինքն՝ իր փաստաթղթերը թերի ներկայացնի և հրաժարվի դրանք լրացնելուց։ Այլ հիմք չգրանցման համար ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Քաղաքական ուժերի կամ դրանց ներկայացուցիչների գործունեությունը քաղաքական դաշտում, գրանցման փուլում, որևէ կերպ չի կարող դառնալ գնահատման առարկա, որովհետև ընտրական օրենսգիրքը ուղղակի պահանջում է, որ եթե կա գրանցված քաղաքական ուժ կամ գրանցված կուսակցություններից կազմված դաշինք, այն իրավունք ունի ներկայացնելու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը»,– նշել է նա։

