Հույն զբոսաշրջիկները Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում «Մահ կամ ուղղափառություն» պաստառ են պարզել
Զբոսաշրջիկներին տարել են Ստամբուլի Արդարադատության պալատ, որտեղ նրանց ձերբակալել են «բնակչության մի մասին նվաստացնելու» մեղադրանքով։
Հույն զբոսաշրջիկները ձերբակալվել են Սուրբ Սոֆիայի տաճարում «Ուղղափառություն, կամ մահ» կարգախոսով դրոշ և Բյուզանդական կայսրության երկգլխանի արծվի պատկեր պարզելու համար։ Տեղեկացնում է «Եվրանյուզը»․
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ապրիլի 9-ին Հունաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ որպես ստուգում անցնող տուրիստական խմբի մաս։
Ըստ NTV-ի՝ տաճարի վերին հարկում, որը բաց է այցելուների համար, զբոսաշրջիկները հանել են բյուզանդական երկգլխանի արծվի պատկերով պաստառ և սկսել են լուսանկարել միմյանց։
Երբ նրանք կեցվածք էին ընդունել պաստառի առջև, անվտանգության ուժերը միջամտել են։
Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Մազիս Միքայելին և 42-ամյա Կոնստանտինա Մազիին։
Հազար տարի Սուրբ Սոֆիան Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական եկեղեցին է եղել։ Կոստանդնուպոլսի անկումից հետո այն անցավ Օսմանյան կայսրությանը և վերածվեց մզկիթի։ 20-րդ դարում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիան հայտարարեց թանգարան, սակայն ներկայիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020 թվականին չեղյալ հայտարարեց այս որոշումը, և Սուրբ Սոֆիան կրկին վերածվեց մզկիթի։

