«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում»․ Վեդիի քպ-ական համայնքապետը Դավիթ Մինասյանի մասին

Վեդի համայնքի քպ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել օրեր առաջ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի և դպրոցական տղաների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով եղբայրներից մեկի կալանավորման վերաբերյալ։

«18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում։

Вот какая доля хулиганчика»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշքշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ուզում է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման են ենթարկել երիտասարդներին։ 

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, որոնք սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ  Գևորգ Գևորգյանը։ Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը և գրավը։

Ավելի ուշ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է։ Նա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա՝ նորից կալանավայր։