«Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը ցուցադրվել է առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության․ պարզաբանում

Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրում է

«Մի քանի կարևոր պարզաբանում վերջին օրերին շրջանառվող «արգելված ֆիլմի» թեմայի շուրջ։

Նախ՝ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։

Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և նույնիսկ ֆիքսվել է եթերի օր։ Սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։

Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։

Տհաճ է, երբ այս պարզ իրավական հարցը ներկայացվում է որպես «արգելված ֆիլմի» պատմություն և զուգահեռաբար հնչում են անհարկի վիրավորանքներ:

Միաժամանակ նշեմ՝ քննարկում ենք ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը։

Հ.Գ. Հարգելով հեղինակին՝ ապշած եմ, որ նա հանրային գրառմամբ անվանական վիրավորում է այն մարդկանց, ովքեր ժամանակին հաստատել են այս ֆիլմի ֆինանսավորումը, կամ էլ ընդհանրապես կապ չունեն այս թեմայի հետ: Ի դեպ այդ շարքում նաև վիրավորում է Արամազդ Ղալամքարյանին, ով միակն էր, որ ժամանակին պատշաճ կարգով դիմել էր ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար և ստանալով հաստատում՝ կազմակերպել էր այն»: