Մեծ հայրենականի հիշատակության օրերին Ցխինվալը կկրի Ստալինիր անվանումը
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել հանրապետության մայրաքաղաքի հին անունը՝ Ստալինիրը, օգտագործելու մասին` Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումների ընթացքում: Հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում:
Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, անունը կօգտագործվի մայիսի 9-ին և հունիսի 22-ին:
Բացի դրանից, նախարարություններին և մայրաքաղաքի վարչակազմին հանձնարարվել է անցկացնել միջոցառումներ՝ քաղաքի պատմական անվանումը հանրայնացնելու համար:
Ցխինվալը Ստալինիր է վերանվանվել 1934-ին, սակայն 1961-ին քաղաքը, Ստալինի անհատի պաշտամունքի դեմ պայքարի շրջանակներում, կոչվել է Ցխինվալի: 1991-ին Հարավային Օսիայի իշխանությունները մայրաքաղաքին վերադարձրին Ցխինվալ անվանումը, որը խորհրդային շրջանում օգտագործում էին տեղացիները:

