Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը. 5 (տեսանյութեր)

Սկիզբը՝ այստեղ

 

Մոսկվան Վաշինգտոնին և Թել Ավիվին մեղադրել է «միջուկային ահաբեկչություն» և աղետ կազմակերպելու փորձի մեջ: Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հանդես է եկել դատապարտող ու զգուշացնող հայտարարությամբ՝ կապված մարտի 24-ին Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցված նոր հարվածի հետ:

Մոսկվայում ընդգծել են, որ այդ հարձակումը տեղի է ունեցել ի հեճուկս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու հրապարակային խոստումների: Դե, հարգելի ընթերցողներ, հիշենք, որ Թրամփը նորվա խաբեբան չէ, հետևաբար միանգամայն սպասելի էր, որ նա այս անգամ ևս իր խոսքի տերը չի լինելու:

«Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերկապարանոց հավաստիացումներին, որ մարտի 23-ին ինքը հրաման է տվել հինգ օրով դադարեցնել հարձակումներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, մարտի 24-ին նոր վտանգավոր հարված է հասցվել «Բուշեր» ԱԷԿ-ի գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ:

Խիստ զայրացած ենք կործանարար ընթացքի այս անխոհեմ, անպատասխանատու դրսևորումից։ Տպավորությունն այնպիսին է, որ ագրեսորները հատուկ ձգտում են լայնածավալ միջուկային աղետ կազմակերպել տարածաշրջանում՝ թաքցնելու և արդարացնելու նպատակով իրենց հանցավոր արարքները՝ իրանական անմեղ բնակչության շրջանում արդեն հանգեցրած բազմաթիվ անմեղ զոհերի։

Վաշինգտոնում և Արևմտյան Երուսաղեմում (որքան էլ ցավալի է, ստացվում է, որ Մոսկվան Արևմտյան Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք.- Ա.Հ.) մեզանից ոչ վատ պետք է հասկանան՝ «Բուշեր» ատոմակայանի հարվածն անխուսափելիորեն կհանգեցնի անդառնալի հումանիտար և բնապահպանական հետևանքների։ Միայն հրաշքով ողբերգություն տեղի չի ունեցել։ Սակայն հարվածներն ավելի ու ավելի են մոտենում գործող էներգաբլոկին։ Կայանի անձնակազմի, այդ թվում՝ ռուս մասնագետների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է։

Պահանջում ենք նրանցից, ովքեր անխոհեմ, անպատասխանատու և չմոտիվացված հարձակվել են Իրանի վրա, վերադառնալ խոհեմության, դադարեցնել չհրահրված ագրեսիան, ներառյալ՝ հարվածները ՄԱԳԱՏԷ-ի Համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրերի գործողության ներքո գտնվող իրանական միջուկային-էներգետիկ ենթակառուցվածքին, ինչպես նաև նրա անմիջական հարևանությամբ գտնվող օբյեկտներին:

Ակնկալում ենք հստակ, աներկբա դիրքորոշում և վճռական գործողություններ ՄԱԳԱՏԷ-ի, ՄԱԿ-ի և նրանց ղեկավարության կողմից՝ նման նոր հարձակումներ թույլ չտալու նպատակով» (ընդգծումները՝ մերը)։

Դժվար է ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը որակել, համարել կոշտ, ինչպես վարվել են ռուսական որոշ ԶԼՄ-ներ: Ի՞նչ է նշանակում՝ «ռուս մասնագետների կյանքը մշտական սպառնալիքի տակ է։ Մեզ համար դա կտրականապես անընդունելի է» ձևակերպումը… Կարող էր ընդունելի՞ լինել… Դրա փոխարեն պետք է սպառնալիք լիներ, որ եթե Բուշերի ԱԷԿ-ում աշխատող ռուսաստանցի մասնագետները զոհվեն ամերիկա- իսրայելական ագրեսորների հնարավոր միջուկային ահաբեկչության հետևանքով, ապա դրանից հետո ԱՄՆ-ը և Իսրայելը թող բնավ չզարմանան, եթե զոհվեն նաև Ուկրաինայում իրենց դիվանագիտական հաստատություններում կամ այլուր աշխատող, ռազմական գործողություններում չներգրավված մասնագետները:

Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում նշված՝ ագրեսորների կողմից հատուկ ձգտմամբ տարածաշրջանում լայնածավալ միջուկային աղետ կազմակերպելու նպատակին՝ իրենց հանցավոր գործողությունները թաքցնելու և արդարացնելու նպատակով, ապա այդպիսի նպատակ իրականում չկա: Չկա, նախ, այն պատճառով, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հանցավոր գործողությունները չհայտարարված պատերազմի առաջին իսկ օրվանից թաքցնել հնարավոր չէ, դրանք առավել քան ակնհայտ են, արդարացման մասին նույնպես խոսք չի կարող լինել:

Երկրորդ՝ հնարավոր չէ պատկերացնել, որ Բուշերի ԱԷԿ-ին հարվածելով և Չեռնոբիլյան աղետի կրկնության հասնելով, ագրեսորները դրանով կկարողանան թաքցնել և արդարացնել իրենց հանցավոր գործողությունները: Դա ուղղակի անտրամաբանական է: Ճիշտ հակառակը՝ դրանով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հանցավոր բնույթն ակնհայտ կդառնա ողջ աշխարհի համար, և Իրանի դեմ նրանց ագրեսիան ընդհանրապես անհնար կլինի արդարացնել:

Եթե ԱՄՆ-ը և Իսրայելը, ի վերջո, որոշեն Բուշերի ԱԷԿ-ը երկրորդ Չեռնոբիլի վերածել, ապա դա կանեն միայն Իրանին մեծագույն վնաս պատճառելով, նրան պարտության մատնելու, միգուցե նաև՝ տարածաշրջանի որոշ երկրներին (ներառյալ՝ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող Հայաստանին և Պակիստանին) հընթացս վնասելու նպատակով: Ավելորդ չենք համարում կրկնել, որ Բուշերի ԱԷԿ-ի հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից ընդամենը 1183 կիլոմետր է, Երևանից 1376 կմ:

Մոսկվան ՄԱԳԱՏԷ-ին և ԱՄՆ-ին է փոխանցում իր անհանգստությունն իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի վրա հարվածների հնարավոր հետևանքների վերաբերյալ. այս մասին, Life.ru-ի տեղեկացմամբ, երեկ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ մտահոգությունների մասին ահազանգերն առաջին հերթին ուղարկվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալություն: Ընդ որում, ռուսական կողմը նաև ԱՄՆ-ին է տեղեկացրել իր դիրքորոշման մասին։

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ երաշխիք չի ստացվում իրանական «Բուշեր» ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, երաշխիքներ չկան, որ Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքում հարվածներ չեն լինի (նկատի ունի նոր հարվածները), սակայն ՌԴ-ն ամեն անգամ խոսում է դրա վտանգի մասին:

«Այդ առումով ինչ-որ երաշխիքներ չկան: Բայց մենք պարզապես ամեն անգամ նրանց ի գիտություն, փաստարկում ենք մեր տեսլականն այն կրիտիկական վտանգի, որը թաքնված է այդ հարվածների հետևում»,- «РИА Новости» տեղեկացմամբ , լրագրողներին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ Պեսկովի, Մոսկվան Իսրայելին նույնպես կոչ է արել վտանգավոր քայլեր չանել Իրանի նկատմամբ, զերծ մնալ պոտենցիալ ռիսկային գործողություններից: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը, Life.ru-ի տեղեկացմամբ , պարզաբանել է, որ ՌԴ-ն կապեր է պահպանում մերձավորարևելյան հակամարտության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Թել Ավիվի հետ՝ ձգտելով նրանց հասցնել կտրուկ քայլերից խուսափելու անհրաժեշտությունը:

«Մենք բոլոր կողմերի հետ փորձում ենք երկխոսության մեջ լինել, որպեսզի հենց նրանց կոչ անենք նման պոտենցիալ վտանգավոր քայլեր չանել»,- ասել է նա:

Հիշենք, որ փետրվարի վերջին Բուշեր քաղաքում, որի հարևանությամբ գտնվում է ատոմակայանը, մի քանի պայթյուն է տեղի ունեցել: «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովն այն ժամանակ կոչ էր արել թույլ չտալ հարձակումներ միջուկային օբյեկտի վրա՝ նախազգուշացնելով, որ հնարավոր վթարը կարող է ծանր հետևանքներ ունենալ ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Այնուամենայնիվ, վերոնշյալ կոչն արհամարհվեց, իրանական «Բուշեր» ԱԷԿ-ի հարթակում իրավիճակը շարունակեց զարգանալ բացասական սցենարով։ Ամերիկա- իսրայելական ագրեսորները մարտի 17-ին և 24-ին հրթիռներով հարվածել են ԱԷԿ-ի տարածքին, երկու դեպքում էլ պայթյունները գրանցվել են գործող թիվ 1 էներգաբլոկի անմիջական հարևանությամբ: Կարծում ենք, հարվածները գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ հասցնելը պատահական չէ: Իրանի թշնամիներն այսպիսով Թեհրանին հասկացնում են, որ իրենք կարող են հարվածել նաև գործող էներգաբլոկին, և եթե Իսլամական Հանրապետությունն իրենց պահանջները չկատարի, ապա մերժումից հետո իրենք կհարվածեն նշված էներգաբլոկին՝ Իրանի համար Չեռնոբիլյան աղետի նման և նույնիսկ ահավոր աղետ առաջացնելու նպատակով:

Ինչո՞ւ ավելի ահավոր… Այն պարզ պատճառով, որ Չեռնոբիլի ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկում տեխնածին վթարից հետո Իրանից անհամեմատ հզոր Խորհրդային միությունը ձեռնարկեց ավելի քան 600 000 մարդու մասնակցությամբ պատմության մեջ նախադեպը չունեցող հսկայածավալ միջոցառումներ՝ ԱԷԿ-ից շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի տարածումը սահմանափակելու նպատակով, այդ թվում՝ պայթած ռեակտորի վրա ավիացիայի օգտագործմամբ հազարավոր տոննաներով բետոն լցնելով: Ողջ Խորհրդային միությունը լծված էր աղետը զսպելու, դրա մասշտաբները նվազեցնելու գործին, ինչը Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորի պայթյունի դեպքում թշնամու ամենօրյա հարվածների տակ գտնվող Իրանը դժվար թե կարողանա անել:

Վերոնշյալի ֆոնին Ռուսաստանը լուրջ մտահոգություն է հայտնել իրանական միջուկային ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ. հարցն առանցքային է դարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի զրույցի ընթացքում:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները հերքել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Թեհրանի հետ իբր ընթացող բանակցությունների մասին: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և անարժանահավատ են, հայտարարել են Թեհրանում: Իրանական կողմի դիրքորոշման համաձայն՝ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է սկսել բանակցային գործընթացի շրջանում, ինչը կասկածի տակ է դնում պայմանավորվածությունների հասնելու Վաշինգտոնի մտադրությունները:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

 

Տեսանյութերն այստեղ՝

https://www.facebook.com/yerkir.am/videos/731677636060797/

https://www.facebook.com/reel/1544326013788296