Մերձավորարևելյան պատերազմի հետևանքները կարելի է համեմատել COVID-ի հետևանքների հետ․ Պուտին
Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դժվար է կանխատեսել, սակայն շատերը դրա հնարավոր հետևանքները համամատել են կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի նիստում։
«Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դեռևս դժվար է ճշգրիտ կանխատեսել։ Կարծում եմ, որ հակամարտության մեջ ներգրավվածներն իրենք ոչինչ չեն կարող կանխատեսել, բայց մեզ համար դա ավելի դժվար է», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը «զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկային, արտադրական և համագործակցության շղթաներին»։
Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել ամբողջ ոլոորտներ՝ կապված ածխաջրածինների, մետաղների արդյունահանման և վերամշակման հետ, պարարտանյութերի և շատ այլ ապրանքների հետ։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, Ռուսաստանը պետք է ապրի այն պայմաններում, որոնք ստեղծվել են նշված իրադարձությունների պատճառով։
«Ճիշտ է, արդեն կան գնահատականներ, որ դրանք կարելի է համեմատել կորոնավիրուսի համավարակի հետ, որը, թույլ տվեք հիշեցնել, կտրուկ դանդաղեցրեց բոլոր տարածաշրջանների և մայրցամաքների զարգացումը՝ առանց բացառության», – հավելել է Ռուսաստանի ղեկավարը։

