Թրամփի՝ Չինաստան այցի նոր ժամկետ է որոշվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կմեկնի մայիսի 14-15-ին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ գագաթնաժողովի։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Սպիտակ տունը։
Թրամփը պետք է Չինաստան այցելեր մարտի վերջին, սակայն այդ այցը հետաձգվել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նաև հայտնել է, որ այս տարի ավելի ուշ Վաշինգտոնում նախատեսում են հյուրընկալել Սի Ծինփինին և նրա տիկնոջը։
Հարցին՝ արդյոք այցի նոր ժամկետը նշանակում է, որ Իրանի դեմ պատերազմը շուտով կավարտվի, Լևիթը նշել է, որ հակամարտությունը կարող է ավարտվել նախքան նախագահի ուղևորությունը։ Նա կրկնել է, որ Իրանի դեմ պատերազմի ժամկետը մնում է անփոփոխ և պետք է տևի չորսից վեց շաբաթ։

