Բախվել են ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը և «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է դաշտում․ վիրավորները հայր ու որդի են
Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 15․5 կմ հատվածում, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և «Ուրալ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վանաձորի և Գյումրու ծառայողները։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Հնարավոր է նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ ՊՆ N զորամասի հաշվեկշռում, իսկ բախման հետևանքով էլ «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են։

