Երգիչ լինելը նվեր է տիեզերքից․ Ադամ Բարրոն և ընկերները հանդես կգան «Անուրջներ» համերգով

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) Հայաստան է վերադառնում կրկին յուրահատուկ համերգային երեկոյով ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» համերգը։ Բարրոյի խոսքով՝ Հայաստան իր յուրաքանչյուր այցը փորձում է նշանավորել հիշարժան համերգով։ «Այս տարի որոշեցի երկու կարևոր միջոցառում կազմակերպել՝ մեկը Հայաստանում, մյուսը՝ Փարիզում։ Գեղեցիկ ծրագիր է սպասում, ես ուզեցի, որ «Անուրջներ» համերգը ներկայացվի ակադեմիական տարբերակով և ոչ շատ էստրադային՝ բնականաբար ներգրավելով բարձրակարգ արտիստների։ Երգիչ լինելը պատասխանատվություն է ու նվեր տիեզերքից, ես որպես արտիստ միշտ ուզում եմ օգտակար լինել նաև ուրիշներին, որովհետև կարևոր է ձեռք մեկնել այլ կատարողների։ Մեր օրերում, ցավոք, միայն սեփական անձի մասին մտածելը տարածված է, բայց արտիստը պետք է համախմբող լինի, փորձի ավելին անել հայրենիքի համար իր ձայնով, ինչպես նաև փորձի հնարավորինս ճիշտ ներկայացնել հայ երգը թե՛ Հայաստանում թե՛ արտերկրում։ Դա բազմաշերտ գործունեություն է, այսօրվա արտիստին մեծ հնարավորություն է տրված, որից օգտվելով պետք է նա ամեն ինչ անի, որ մեր ազգը իր մշակութային զենքով տարբեր հարթակներում ներկայացվի ըստ արժանվույն»,-նշում է Բարրոն։ 

«Անուրջներ» համերգային երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գալինա Ցոլակյանը, Արամո Մամիկոնյանը, Սյուզաննա Բարէն, Մարիաննա Հայրապետյանը, «Սկենա» երգչախումբը, Վիկտորյա և Լիանա Ուլիխանյանները։ «Ես միշտ սիրում եմ կապակցել մարդկանց և իրականությունները։ Նախորդ տարի իմ և Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտոնական գրադարանի համագործակցությամբ կայացավ «Երիտասարդ կատարողների՝ Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթը», որի նպատակը վոկալ երաժշտության բնագավառում շնորհալի երիտասարդներին հայտնաբերել և խրախուսելն էր։ Այդ մրցույթում հաղթող ճանաչվեց Գալինա Ցոլակյանը, որը կմասնակցի ապրիլի 6-ի համերգին»,-նշում է Բարրոն։ Այս տարի հոկտեմբերի 3-ին երգիչը նախաձեռնել է Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված երեկո Փարիզի Cortot համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մերօրյա ճանաչված արտիստներ։ Ադամ Բարրոն հանդես կգա Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա եկեղեցում ապրիլի 24-ին՝ ներկայացնելով հայ երգն ըստ արժանվույն։ Սա բացառիկ պատմական համերգ է Հայոց Եղեռնի 111-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Մարիամ Պոզապալյանի և Արա Պարթևյանի ստեղծագործությունները` ի հարգանք անմեղ հայ զոհերի։ Ադամ Բարրոյի նախաձեռնած նմանատիպ համերգների շարքում են եղել «Ավե Մարիա» խորագրով գալա երեկոն մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին ու անմար հիշատակին նվիրված, ինչպես նաև մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված «Ադամ Բարրո և ընկերներ». բարեգործական համերգը և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգը։ 

Արմինե Բրսոյան