Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել
Մարտի 7-8-ը տեղացած մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն՝ տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ արձագանքելով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող որոշ հրապարակումներին կապված «թթվային թունավոր անձրևների հետ»։
Միաժամանակ մարտի 9-11-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանը գտնվելու է հյուսիս-արևելյան օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ մարտի 12–20-ը հանրապետությունում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմտյան հոսանքները, որոնք ձևավորվում են Միջերկրական ծովի ավազանում։ Մթնոլորտային գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։ Հարավային ցիկլոնների ներթափանցումը ՀՀ տարածք հիմնականում դիտվում է Իրաքի շրջաններից, այլ ոչ թե Իրանից, նման ցիկլոնների ներթափանցում մեր տարածաշրջան լինում է խիստ հազվադեպ։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկա 10 օրերին Իրանի տարածքում նկատվում է օդային հոսանքների արևմուտք-արևելք տեղաշարժ, այսինքն օդային զանգվածները Իրանի տարածքից տեղաշարժվում են դեպի Թուրքմենստան։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է մթնոլորտային պայմանների մշտադիտարկում և առաջին իսկ փոփոխությունների դեպքում հասարակությունը տեղեկացված կլինի։
Բնակչությանը հորդորում ենք հետևել միայն ՊՈԱԿ-ի կողմից տրված պաշտոնական տեղեկատվությանը։

