Հրդեհ Միխեիլ Սաակաշվիլու նախագահական գրադարանում

Թբիլիսիում ապրիլի 19-ին այրվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախագահական գրադարանը: Ներքին գործերի նախարարությունը փաստով հետաքննություն է սկսել:

Ինչպես նշել են գերատեսչությունից, հետաքննությունն ընթանում է 187-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասել կամ ոչնչացնել:

ՆԳՆ-ը հայտարարում է, որ տեղի ունեցածի հետ կապված դեռևս ձերբակալվածներ չկան, ընթանում է հետաքննությունը։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվել է ավելի քան 15 քառակուսի մետր գրասենյակային տարածք: Տեղում աշխատել է 4 հրշեջ փրկարար բրիգադ:

Ավելի ուշ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երիտասարդ տղամարդը ուղիղ եթերում հայտարարում է, որ «ապամոնտաժում է շենքը», հետևում ցույց տալով այրվող գրադարանը:

Ի դեպ, Ուկրաինայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադառնալով միջադեպին՝ դրանում մեղադրել է իշխանություններին։