Մենք ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Փաշինյան
Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք։ Մենք ամեն ինչ արել ենք և կշարունակենք անել մեզ համար բարեկամական և եղբայրական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ոչ մի տեղ և երբեք հանրահավաքները չեն արգելվել։ Նա հավելել է, որ իշխանությունները չեն կարող առանձին վերցված դեպքի համար այլ կերպ վարվել։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը համաձայնել է, որ կարծիքի արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի կամ որևէ այլ երկրի դեսպանատան աշխատանքը։ «Մենք ուշադիր կհետևենք Իրանի մտահոգություններին և ժողովրդավարական սկզբունքների շրջանակում կձեռնարկենք բոլոր միջոցները, որ բարեկամական և եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան գործունեության որևէ խնդիր չառաջանա։ Այն մարդիկ, որոնք օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ։ Գիտեմ, որ վարչական վարույթներ են հարուցված մի քանի դեպքով», – նշել է Փաշինյանը։
Անդրադառնալով TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի հայտարարություններին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ օգոստոսին Իրանի նախագահն այցելել էր Երևան, և այդ այցի շրջանակներում Հայաստանը պատասխանել է բոլոր հարցերին։ «Մենք ասել ենք, եթե հետագայում հարցեր ծագեն՝ մենք պատրաստ ենք բոլոր հարցերին պատասխանել, եթե հրապարակված տեքստից հետո այլ հարցեր ծագեն։ Քննարկումների ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների մտահոգություններն ու կարծիքները հաշվի առնում ենք և փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս հավասարակշռված լուծումների գանք, ինչը կարծում եմ այս դեպքում ստացվել է», – նշել է նա։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար 25% մաքսատուրքեր սահմանելու որոշումը՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ինքը պետք է դե յուրե ծանոթանա որոշման բովանդակությանը։ «Մենք ծանոթանում ենք բովանդակությանը և ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ կսկսենք մեր բոլոր առնչվող գործընկերների հետ», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Իրանի նորանշանակ դեսպան Շիրղոլամին հունվարի 14–ին ասուլիսի ժամանակ կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին, փաստացի մեղադրելով հայկական կողմին դեսպանատան դիմաց բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նա ընդգծել էր որ թեև իրենք շարունակաբար բողոքում են, բայց այդ գործընթացը շարունակվում է։

