Իրանում իրավիճակն ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է իշխանությունների կառավարելիության շրջանակում

Երեկ գիշեր՝ նախորդի հետ համեմատությամբ, ավելի պակաս ինտենսիվությամբ, բայց, այսուհանդերձ, Իրանում շարունակվել են անկարգություններն ու բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կրկին երկու կողմից կիրառվել է հրազեն, և կան զոհեր ու վիրավորներ, տեղի են ունեցել նաև հրկիզումներ։ Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«Անկարգությունների վերաբերյալ հաստատված տեղեկատվություն կա Թեհրան, Մաշհադ, Քարաջ և Զահեդան քաղաքներից։ 

ԱՄՆ նախագահ Թրամփն արդեն չորրորդ անգամ խոսել է այն մասին, որ սպանությունների դեպքում ծանր հարված կհասցնի Իրանին։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գրասենյակը տարածել է այս երկրի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարների համատեղ հայտարարություն, որով դատապարտել է Իրանի իշխանություններին։ Սա ցուցիչ է, որ եվրոպական երկրները չեն ցանկանում դուրս մնալ Իրանի շուրջ զարգացումների գործընթացից։ 

Իրանի գահընկեց շահի որդին տեսաուղերձով դիմել է ցուցարարներին գրավելու փողոցներ և շուրջօրյա մնալու դրանցում՝ խոստանալով վերադառնալ և լինել ցուցարարների կողքին։ Ակնհայտ է, որ վերջինս ցանկանում է իրեն ներկայացնել ցույցերի հիմնական առաջնորդ և ստանալ նաև ԱՄՆ նախագահի աջակցությունը, ինչը դժգոհություն է հարուցում իրանական սփյուռքի այլ ընդդիմադիր ուժերի շրջանում։ 

Համացանցն Իրանում անջատված է, սակայն իրանական լրատվամիջոցները պարբերաբար ստանում են հասանելիություն դրան՝ նյութեր և տեղեկատվություն տարածելու նպատակով։ 

Իրավիճակն, ընդհանուր առմամբ, ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում»,- նշում է իրանագետը։