Զգուշացում․ առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր

Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում պարունակում են լուրջ ռիսկեր, այդ թվում՝

  • պետական կամ ռազմավարական նշանակության օբյեկտների լուսանկարահանում,
  • ենթակառուցվածքների, անվտանգության համակարգերի կամ տեղակայման տվյալների հավաքում,
  • անձանց, մեքենաների կամ մասնավոր տարածքների պատահական ֆիքսում։

Շատ դեպքերում առաջադրանք կատարող անձը չգիտի, թե ով է իրական նախաձեռնողը, ինչ նպատակով են հավաքագրվում տվյալները և ինչպես են դրանք հետագայում օգտագործվելու։

Խորհուրդ է տրվում

  • չկատարել առաջադրանքներ, որոնք կապված են լուսանկարահանման կամ տվյալների հավաքման հետ, եթե դրանց նպատակը հստակ չէ կամ առաջացնում է կասկած,
  • չլուսանկարել պետական, ռազմական, իրավապահ մարմինների կամ ռազմավարական նշանակության ցանկացած այլ ենթակառուցվածք։

Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ:

Եղե՛ք զգոն և պատասխանատու: Ձեր և պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից: