Լույս է տեսել Արմեն Այվազյանի՝ «449–451 թթ. հայ–պարսկական պատերազմը. ուսումնամեթոդական ուղեցույց և դիդակտիկ նյութեր» ձեռնարկը

Պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ լույս է տեսել դեռևս 2024 թ. իմ պատրաստած ուսումնամեթոդական ձեռնարկը՝

«449–451 թթ. հայ–պարսկական պատերազմը. ուսումնամեթոդական ուղեցույց և դիդակտիկ նյութեր» (Եր., 2025, 46 էջ)։

Ուղեցույցը նպատակ ունի օգնել պատմության ուսուցիչներին և դասախոսներին՝ Վարդանանց պատերազմի թեման ներկայացնելու արդի գիտական մակարդակով։ Գրքույկում քննադատորեն դիտարկվում են պատմության դասագրքերում առկա էական բացերը, հնացած մոտեցումները և փաստական աղճատումները։

Առանձին բաժիններում հանգամանորեն վերակազմված են Խաղխաղի և Ավարայրի ճակատամարտերը՝ գունավոր քարտեզների և գծագրերի օժանդակությամբ։

Անժխտելի է, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանի և նրա զինակիցների սխրանքն առանցքային նշանակություն ունի հայոց պատմական հիշողության և ազգային ինքնության ձևավորման համար։ Հենց այդ գիտակցումն է, որ պահանջում է թեմայի գիտականորեն ճշգրիտ, պատասխանատու և ամբողջական ներկայացում։

 Այսօրվանից առկա է «Բուկինիստ» գրախանութում»։