Թող հրապարակեն ինչ դրամաշնորհներ են ստացել տարբեր պետություններից՝ տեղահանվածներին աջակցելու համար, դրանից հետո կխոսենք. Նժդեհ Իսկանդարյան
Հայաստանի իշխանությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շահարկում են այն, որ Հայաստանից մեծ գումարներ են հատկացվել Արցախի Հանրապետությանը, բայց երբևէ չի խոսվել, որ Արցախի Հանրապետությունը և Արցախցին իր վրա է վերցրել անվտանգային տարբեր խնդիրներ։ Առաջին հերթին հենց Արցախի ընտանիքներն են լսել պայթյունների ձայները։ «Կարող եք գնալ և տեսնել, թե ադրբեջանցի զինվորները որտեղ են կանգնած Ջերմուկում»,- «Փաստինֆոյի» տաղավարում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ սա արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու փորձ է։
«Հասարակության մեջ փորձում են սերմանել, որ հայաստանցիների բազմաթիվ զոհեր են եղել, մինչդեռ արցախցիները չեն կռվել»։
Նրա դիտարկմամբ՝ արցախցիներին Հայաստանում բախվում են բազմաթիվ խնդիրների։ «Արդեն տևական ժամանակ 18-63 տարեկան անձինք չեն օգտվում աջակցության ծրագրերից։ Խոսքը 50 000 դրամների մասին էր, որը հետո դարձավ 40 000, այժմ գործում են 30 000 դրամ աջակցությունները»։
Նա ընդգծեց, որ բռնի տեղահանումից մինչ օրս 25 000 ընտանիքներից միայն 1 300-1 500-ն են կարողացել բնակարաններ ձեռք բերել։ «Սա ցուցիչ է, որ այդ ծրագրերը չեն գործում։ Էլ չենք խոսում 1-3 հոգանոց ընտանիքների մասին։ Սրանք ցույց են տալիս, որ բնակարանային ապահովման ծրագրերը չեն գործում։
Հիմա ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները սահմանամերձ գոտիներում ապրեն։ Մենք առիթ ունեցել ենք իրենց հարցեր ուղղելու, ինչին ի պատասխան մեզ ասել են՝ ինչո՞ւ պետք է արցախցիները անպայման Երևանում ապրեն»,- ասաց Իսկանդարյանը։
Անդրադառնալով բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությանը՝ նա նշեց․ «Թող հրապարակեն, թե ինչպիսի դրամաշնորհներ են ստացել տարբեր պետություններից՝ բռնի տեղահանվածներին աջակցելու համար, դրանից հետո կխոսենք»։

