Խրիմեանը իւր կեանքում շատ անգամ մեծ գումարներ ձեռք ձգեց, բայց նա մնաց միշտ աղքատ, միշտ պարտքերի տակ խրուած․ Րաֆֆի
Խրիմեանը իւր կեանքում շատ անգամ մեծ գումարներ ձեռք ձգեց, բայց նա մնաց միշտ աղքատ, միշտ պարտքերի տակ խրուած. Խրիմեանը խիստ անփոյթ է դէպի իւր անձնական վայելչութիւնը, դէպի իւր անձնական բարեկեցութիւնը. նա իւր վրայ ոչինչ չէր վատնում: Նա որպէս անհաշիւ կերպով ստանում էր, նոյնպէս անհաշիւ կերպով սպառում էր: Հանդիպած աղքատին Խրիմեանը պատրաստ էր իւր վերջին փարան տալ եւ ինքը սոված մնալ: Սեփականութիւնը նրա համար ոչինչ նշանակութիւն չունէր, երբ նա ծառայում էր ընդհանուրի օգտին: Խրիմեանը չէր ծնուած բարձր կոչման համար, որ պատրիարքական աթոռի վրայ փթթեցնէր իւր կեանքը:
Խրիմեանը հոգուով բանաստեղծ է, իսկ սրտով առաքեալ: Նա յիշեցնում է մեզ հինգերորդ դարու անձնուրաց աբեղաներին, որք հոգեւոր զինուորութեան ցուպը ձեռքերնին կրած, հուրի եւ սուրի միջից անցնելով պտտում էին Հայաստանում, ուսում, գիտութիւն եւ կրօնք էին տարածում:
Խրիմեանը եռանդոտ, անհանգիստ եւ անվաստակելի բնաւորութիւններից մինն է: Նա սիրում է գործել, ընկնել, կանգնել եւ միշտ պատերազմել վտանգների մրրկածուփ խռովութեան հետ։
Գնա՛ ազգի բարեկամ, ճակատագիրը կոչում է քեզ, պատրիարքութեան սահմանափակ շրջան քո տեղը չէ: Դո՛ւ, որպէս Իսրայէլը Բաբելոնում, միշտ կարօտում էիր քո նազելի Սալիմին – դա Վասպուրականն է: Գնա՛, կրկին սիրէ Վարագը, սիրէ Այգեստանի ուռիները, Արծիւը եւ Ժառանգաւորաց դպրոցը քեզ սպասում են:
Րաֆֆի «Մշակ» թերթ։
Աղբյուրը՝ Հայագիտարան Հայաստան

