Այս պահին կամավորական խմբերի օգնության անհրաժեշտություն չկա․ Համբարձում Մաթևոսյան
«Անտառային դաշինք» նախաձեռնության կլոր սեղանին քննարկվել են վերջին անտառային հրդեհները
«Անտառային դաշինքի» կազմակերպած կլոր սեղան-քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստանի անտառապատման նոր մոտեցումների ձևավորումը և դրանց ապահովման համար անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումները։
Քննարկման ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով վերջին օրերին անտառային հրդեհների բարդ իրավիճակին և անտառային ոլորտի զարգացումների առաջնահերթություններին։
«Այս շրջանում մենք կանգնած ենք լուրջ փորձության առաջ․ միաժամանակ բռնկվող անտառային հրդեհները մի քանի մարզերում սպառնում են անտառային ֆոնդին, բնակավայրերին, կենսաբազմազանությանը և քաղաքացիների անվտանգությանը։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված բարձր ջերմաստիճանը, ուժգին քամիներն ու չոր եղանակը նպաստում են հրդեհների տարածմանը՝ բարդացնելով արձագանքման աշխատանքները։
Պետական բոլոր համապատասխան կառույցները՝ Ներքին գործերի նախարարությունը, ՊՆ ստորաբաժանումները, անտառային կառույցներն ու համայնքային մարմինները, գործում են շուրջօրյա՝ ներգրավելով թե՛ մարդկային, թե՛ տեխնիկական բոլոր հասանելի միջոցները։
Մեծապես գնահատում եմ մեր փրկարարների, անտառապահների, կամավորների և համայնքների ջանքերը, որոնք իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի օջախների դեմ։», նշել է նա։
Գործի են դրվել արագ արձագանքման լրացուցիչ ուժեր, և իրականացվում են գործողություններ՝ հնարավորինս արագ կանխելու հրդեհների տարածումը։
Այս իրավիճակը ևս ապացուցում է, որ պետք է խորքային կերպով ամրապնդել անտառային հրդեհների կանխարգելման համակարգը՝ իրավական, կազմակերպչական և տեխնիկական մակարդակներում։ Անհրաժեշտ է շարունակաբար ներդնել ժամանակակից մոնիթորինգային լուծումներ, բարելավել արագ արձագանքման միջոցները, զարգացնել ավիացիոն կարողությունները և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։
Նախարարը նշել է, որ այս պահին կամավորական խմբերի օգնության անհրաժեշտություն չկա։ Շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին և գործընկերներին առաջարկների համար։

