Մերցը, Մակրոնը և Սթարմերը Ռուբիոյի հետ համաձայնության են եկել արագացնել Կիևի անվտանգության երաշխիքների պատրաստումը

Ուկրաինային աջակցություն տրամադրող «Կամեցողների կոալիցիայի» երկրների մասնակիցները տեսակոնֆերանսի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համաձայնության են եկել արագացնել Վաշինգտոնի հետ համատեղ գործունեությունը՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման հարցով։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Հիմնվելով վերջին ամիսներին Կոալիցիայում կատարված աշխատանքի և պլանավորման վրա՝ ղեկավարները պետքարտուղար Ռուբիոյի հետ համաձայնության են եկել արագացնել Միացյալ Նահանգների հետ համատեղ աշխատանքը՝ անվտանգության երաշխիքների մշակման գործում առաջընթացի հասնելու նպատակով։ Նրանք իրենց ռազմական գերատեսչություններին հանձնարարել են ավարտել այդ ուղղությամբ mertc makron starmerպլանավորման համատեղ աշխատանքը», – նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի համատեղ հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ Սթարմերի, Մակրոնի, Մերցի համանախագահած հանդիպմանը տեսակապի միջոցով միացել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, կոալիցիայի 35 երկրների ներկայացուցիչները, Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ 

Նշվում է, որ Ռուբիոն և Զելենսկին մասնակիցներին տեղեկացրել են խաղաղության շուրջ բանակցությունների մասին, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 23-ին Ժնևում: 

«Կամեցողների կոալիցիան» ողջունել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կարգավորման շուրջ բանակցություններում «զգալի առաջընթացը»:

Տեսակոնֆերանսի մասնակիցները նաև ողջունել են «այն հավաստիացումը, որ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերին վերաբերող հարցերը կքննարկվեն առանձին և եվրոպական գործընկերների և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների լիակատար ներգրավմամբ»:

Կողմերը նաև ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը՝ ընդգծելով, որ ցանկացած լուծում պետք է «լիովին ներառի Ուկրաինան։