Եպիսկոպոսաց ժողովում քննարկվել է Պատարագի ընթացքում Կաթողիկոսի անվան միտումնավոր զեղչման խնդիրը

Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ 

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը: 

Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ 

Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։

 Մայր Աթոռ տեղեկատվական համակարգ