3-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացած փոքրիկին դեռ չեն հայտնաբերել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, որը տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։ Մարզպետը նաև նշել է, որ մոտակայքում գետ չկա։

Ծափաթաղ համայնքի ղեկավար Դավիթ Գզողյանն էլ, panorama-ի հետ զրույցում  հայտնել է, որոնողական  աշխատանքներին մասնակցում են ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ, աշխատում են դրոններ, շներ։ Գզողյանի խոսքով, երեխան կորել է տան մոտից։ Անդրադառնալով տեղեկություններին, թե երեքամյա Տիգրանը բակում խաղալիս է եղել իր 5-ամյա եղբոր հետ, վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Այդ երեխան չի խոսում»։ 

Հիշեցնենք, որ երեկ ՆԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 27-ին`ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

«ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911»,- ասված է հաղորդագրության մեջ: