Արագածոտնի թեմի բոլոր հոգևորականներին կիրակի հրավիրել են Երևանի ՔԿ․ հայտարարություն
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել․
«Ոստիկանության ծառայողների միջոցով երեկ տարբեր ժամերի (այդ թվում՝ ուշ երեկոյան, գիշեր) մեզ են փոխանցվել Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Նազելի Սարգսյանի անունից տրված ծանուցագրերի պատճենները, որոնց համաձայն պետք է բոլորս 2025թ․ հոկտեմբերի 26-ին՝ կիրակի օրը ժամը 09:00-ին նույն քրեական վարույթով ներկայանանք քննչական մարմին՝ Երևան քաղաքում:
Մենք՝ յուրաքանչյուրս, 2025թ․ հոկտեմբերի 26-ին առավոտյան Արագածոտնի մարզի եկեղեցիներում Սուրբ Պատարագ ենք մատուցելու և այդ օրը չենք կարողանալու ներկայանալ քննչական մարմին, քանի որ հակառակ դեպքում կխախտենք մեր հոգևոր պարտականությունները և կթողնենք մեր հավատացյալներին առանց Սուրբ Հաղորդության։
Բացի այդ, բոլորս որպես վկա հարցաքննությանը ցանկանում ենք ներկայանալ միայն փաստաբանների հետ, մինչդեռ ոչ աշխատանքային կիրակի օրով մենք չենք կարողանալու ապահովել փաստաբանների ներկայությունը (քահանաներիցս մի քանիսին նույն փաստաբանն է ներկայացնում, որը նույնպես խոչընդոտ է նույն ժամին հարցաքննությանը մասնակցելու համար):
Առանց փաստաբանի ներկայության չենք պատրաստվում ցուցմունք տալ»:

