Պուտինն ատում է ինձ, ես նույնն եմ զգում նրա նկատմամբ․ Զելենսկի
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները փոխադարձաբար ատում են միմյանց․ ինչպես հայտնում է meduza.io-ն, այս մասին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Զելենսկին։
«Պուտինն ատում է ինձ։ Ինձ համար տարօրինակ է այն, որ եթե նրանք փորձում են մեզ բոլորիս սպանել, ես այլ վերաբերմունք ունենամ այս մարդու նկատմամբ։ Ես նույնն եմ զգում Պուտինի նկատմամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Խոսքը զգացմունքների մասին չէ։ Ինձ համար և յուրաքանչյուր ուկրաինացու համար նա թշնամի է. նրանք չեն ուզում կանգ առնել։ Խոսքն այն մասին չէ, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ատում է։ Չնայած, անկասկած, մենք ատում ենք թշնամուն», – հավելել է Զելենսկին։
Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը տեղի ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները քննարկել են Կիևին «Տոմահավկ» հրթիռների հնարավոր մատակարարման հարցը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հանդիպումից հետո կողմերը համաձայնել են հրապարակային հայտարարություններ չանել այս թեմայով, քանի որ Միացյալ Նահանգները չի ցանկանում սրացում։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այժմ գլխավոր հարցը հրադադարն է և տարածքային հարցերի շուրջ բանակցություններ սկսելը։
Թրամփը չի ներկայացել լրատվամիջոցներին, բայց գրառում է արել TruthSocial սոցիալական ցանցում. «Ժամանակն է դադարեցնել սպանությունները և համաձայնության գալ։ Բավականաչափ արյուն է թափվել… Թող երկու կողմն էլ հաղթանակի մասին հայտարարի, և թող պատմությունը դատի»։

