Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը, ինչպես նաև համալսարանի մի խումբ այլ աշխատակիցներ։
Այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի խումբ այլ աշխատակիցներ»,- փոխանցել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Սրբուհի Գևորգյանը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտի 19-ից։

