Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է. Թաթոյանը հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին
Այսօր հայտարարվեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին։ Նախաձեռնության ղեկավարը Հայաստանի նախկին ՄԻՊ, արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, «Միասնության թևեր» նշանակում է, որ իրար թև ու թիկունք լինենք, իրար վեր բարձրացնենք, հայ ժողովրդի միասնություն ու համերաշխություն Հայաստանում ու Սփյուռքում։
«Մեր խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները։ Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն ու հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ շարժվելու ենք առաջ։ Ցանկանում եմ ձեզ ասել, մեր այսօրվա պարտությունը պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես պետք է արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխություն ու միավորում պառակտումից հետո։ Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա, մենք ունենք ապագայի կարիք, պարզ ապագա, որ հիմնված չէ նախկինի սխալները կոծկելու կամ նախկինում իր լավ լինելը ապացուցելու մղումների վրա։ Հենց սրա համար է մեզ պետք միասնություն։ Մեր երեխաները, մենք չպետք է կրենք անցյալի բեռը, բայց պետք է անցյալով խրատվենք, դասեր քաղենք ու թույլ չտանք, որ սխալները կրկնվեն»,-նշեց նախաձեռնության ղեկավարը։
Նախաձեռնության անդամների ասուլիս ուղիղ միացումը՝ այստեղ

