Դատարանը վարույթ ընդունեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գույքային հայցը
Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց հանրային մեղադրողների կողմից Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված գույքային հայցն ընդունել վարույթ։
Դատավորը հայտարարեց որ դատարանը մերժում է գույքային հայցը վերադարձնելու մասին պաշտպանների միջնորդությունը, մեղադրյալներին ճանաչում է գույքային պատասխանող և արգելադրում գույքը։
Նա նշեց, որ գույքային հայցը վարույթ ընդունելը չի նշանակում, որ գույքային հայցը պետք է ամբողջությամբ կատարվի։
Դատարանի դիրքորոշումը գույքային հայցի վերաբերյալ կհայտարարվի վերջնական դատական ակտի ընթացքում։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:

