Ի՞նչ է ստացել Փաշինյանը. ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ և իրավական ուժ չունեցող մի թուղթ

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով Հայաստանը ոչինչ չի ստացել` ի տարբերություն Ադրբեջանի և ԱՄՆ-ի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ի՞նչ է ստացել Ադրբեջանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերով։ Ըստ Քոչարյանի` ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ ՀՀ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստացել է Նոբելյան մրցանակի ներկայացման հնարավորություն։

Իսկ ի՞նչ է ստացել Ադրբեջանը։ Ըստ ՀՀ 2-րդ նախագահի` նա ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձևի չեղարկում։

«Ի՞նչ է ստացել Հայաստանը։ Այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, մինչդեռ զրո։ Միայն պրոբլեմներ։ Ի՞նչ է ստացել Փաշինյանը. ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։

Եզրակացությունն այն է, որ Փաշինյանը Սպիտակ տանը եղել է դեկորացիայի դերում. այնտեղ կար սեղան-աթոռ, նկար կար, դրոշ կար և Փաշինյան կար»,- հայտարարեց նա։

Քոչարյանի համար ընդհանրապես հասկանալի չէ, թե պետության ղեկավարների ներկայությամբ ինչ է նշանակում նախաստորագրել փաստաթղթեր, քանի որ դա ընդամենը տեխնիկական հարց էր լինելու։

«Եթե ամեն ինչ պայմանավորված էր, այդ ժամանակ ավելի լավ առիթ էր այն ստորագրելու։ Սա բովանդակային հարցեր է առաջացնում»,– ընդգծեց նա։