Դավիթ Գրիգորյանը կրկին դատավոր է նշանակվել
Դավիթ Գրիգորյանն արդարացվելուց հետո կրկին դատավոր է նշանակվել։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 29-ի ԲԴԽ-67-Ո-129 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները սկսեցին 2019-ի ամռանը։ ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակում իրավապահները խուզարկություն էին իրականացրել դատավորի աշխատասենյակում, ապա կնիքել էին սենյակը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ 2019 թ․ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, ապա նրա ու նախկին մի քանի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը կասեցվել էր և ուղարկվել ՍԴ քննության։ Ավելի ուշ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռ. Քոչարյանին ու մյուսներին։
Որոշման հաջորդ օրը՝ մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին:
Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, որը մեղադրվում էր օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, իսկ վճռաբեկ դատարանը մերժել էր արդարացման դատական ակտի դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։

