Այսօր Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Աստղագիտության օրն է

Այսօր հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է՝ 117-ամյակը։ Այսօր նաև Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը։

Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908-1996թթ) XX դարի մեծագույն գիտնականներից մեկն է, Խորհրդային ժամանակների մեծագույն աստղաֆիզիկոսը և ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը, ով հիմնարար ներդրում է ունեցել աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության բազմաթիվ ոլորտներում։

Աստղային էվոլյուցիայի և գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ նրա հեղափոխական աշխատանքները բեկումնային եղան աստղաֆիզիկայի զարգացման համար և կյանքի կոչեցին մեր մինչ այդ անփոփոխ թվացող Տիեզերքը: Համբարձումյանը նաև ուներ գիտության կազմակերպման մեծ ջիղ, նա կարևոր քաղաքական և հասարակական գործիչ էր։

Նա Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) և Երևանի պետական համալսարանների աստղաֆիզիկայի ամբիոնների, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և «Աստղաֆիզիկա» ամսագրի հիմնադիրն է, ինչպես նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիրներից մեկը։

Համբարձումյանը նոր հիմնարար արդյունքներ է ստացել գալակտիկաների էվոլյուցիայի ուսումնասիրության մեջ։ Առաջին անգամ ցույց է տվել, որ գալակտիկաների կենտրոնական հատվածները՝ նրանց միջուկները, որոշիչ դեր են խաղում գալակտիկաներում նկատվող անկայուն երևույթներում։ Բացի աստղերից և դիֆուզ նյութից դրանք պետք է պարունակեն անհայտ բնույթի խիտ զանգվածով մարմիններ: Գալակտիկական միջուկների ակտիվությունը սահմանում է նրանց էվոլյուցիան: Ներկայումս ակտիվ գալակտիկական միջուկները (ԱԳՆ/AGN) արտագալակտիկական աստղագիտության ամենամանրամասն ուսումնասիրվող մարմիններն են:

Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947թ-ին հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։ Գալակտիկայում աստղասփյուռների՝ դինամիկորեն անկայուն և քայքայվող համակարգերի գոյությունը առաջին դիտողական ապացույցն էր՝ հօգուտ այդտեղ աստղերի այժմ էլ ընթացող ձևավորմանը:

Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում: 2010թ-ին ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից այլ գիտությունների կարևորագույն մրցանակներից մեկն է, որը շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ավանդ ունեցած ականավոր գիտնականներին՝ անկախ երկրից և ազգությունից։