ՀՀ նախագահը և Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը քննարկել են բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպան Բաումանին նշանակման կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները:

«Հայաստանի և Շվեյցարիայի հարաբերությունները բարեկամական են և առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։ Մենք միշտ զգացել ենք Շվեյցարիայի աջակցությունը, որը նպատակ է ունեցել ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտների կայացումը։ Իհարկե, Շվեյցարիան մեզ ամենադժվարին պահերին միշտ աջակցել է»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը շեշտել է նաև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ «Վերջին տարիներին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը դրական միտում է ցուցաբերում, սակայն առկա ներուժը լիարժեք չի օգտագործվում։ Շվեյցարիան տեխնոլոգիապես զարգացած երկիր է, որը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Մենք ևս ունենք այս ուղղությամբ ներկայանալու տեխնոլոգիական ներուժ, ինչպես նաև կարևորում ենք մշակութային կապերը»,- ասել է Հանրապետության նախագահը։

Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել․ «Դուք նշեցիք այն խորը հարաբերությունների մասին, որոնք արդեն իսկ ձևավորվել են մեր երկրների միջև, և կարծում եմ, որ դրանք շատ լավ հիմք կհանդիսանան՝ տարբեր ոլորտներում այդ հարաբերություններն առավել խորացնելու համար։ Ինչպես նշեցիք՝ տնտեսական և մշակութային ոլորտները կարևոր են, և վստահ եմ, որ մենք կկարողանանք տարբեր ոլորտներից ելնելով փորձառությամբ կիսվել միմյանց հետ»։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Հայաստանի միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես բնապահպանական ոլորտում սերտ գործակցությանը, այդ թվում՝ Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության հետ իրականացվող անտառատնկման ծրագրի ընթացքին։ Կարևորվել է նաև երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս համատեքստում դեսպանը շեշտել է շվեյցարական կողմի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել 2026 թվականին Հայաստանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի COP-17 համաժողովի անցկացմանը։

Քննարկման առանցքում են եղել նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Շվեյցարիայի աջակցությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։