ՀՀ-ն հաստատել է իր մասնակցությունը Մինսկում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։

«Հայաստանը նույնպես հաստատել է մասնակցությունը։ Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որը հայկական կողմը պետք է որոշի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ տեսնելու համար։ Հետևաբար, նրանք կկայացնեն որոշումը», – ասել է նա՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի այն հարցին, թե արդյոք հայկական կողմը անձամբ կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին, որի օրակարգում նախատեսվում է ներառել 14 հարց։

Երևանի և Մինսկի միջև հարաբերությունները ներկայումս լարված են։ Իրավիճակը սրվել է Բելառուսի նախագահի կողմից ԼՂ հակամարտության արդյունքների վերաբերյալ հնչեցված գնահատականներից հետո։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին և արգելել է պաշտոնյաներին մեկնել Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։