Դավիթ Հարությունյանը բացահայտեց դատախազության «6 փաստագրված սուտ»

Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվում էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի դատալսումները:

Դատախազությունը Դավիթ Հարությունյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց ներկայացնելիս հավանաբար թերագանահատել էր պատասխանողին։  Արդարադատության նախկին նախարարը ոչ միայն համաձայն չէ ներկայացված մեղադրանքներին, այլև սկսել է խարխլել հայցի հիմքերը՝ բացահայտելով դատախազության «6 փաստագրված սուտ»։ Սա ավելին է, քան պարզապես անձնական պաշտպանություն. սա առաջին քայլն է վերականգնելու արդարադատության համակարգը։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատախազների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին իր միջնորդությունը։ «Իմ միջնորդություններն ու հարցադրումները չեն ծառայում միայն իմ անձնական պաշտպանությանը։ Ո՛չ։ Դրանք ունեն շատ ավելի համակարգային նշանակություն»,- հայտարարեց Հարությունյանն իր ներածական ելույթում։

«Ես պարտավորություն եմ զգում վեր հանել համակարգային խախտումները՝ անկախ նրանից, թե դրանք վերաբերում են մեկ լումայի, թե հարյուր միլիոն դրամի։ Այս պարտավորությունը ես կրում եմ իմ մասնագիտական խղճի առջև», – նշեց նա։

Հարությունյանի միջնորդությունը մանրամասն փաստագրում էր դատախազության կողմից դատարանին «սիստեմատիկ կերպով ներկայացվող ակնհայտ սուտ տեղեկությունները»։ Յուրաքանչյուր դրվագ ներկայացված էր ճշգրտությամբ՝ ժամանակագրությունը՝ հստակ, ապացույցները՝ անվիճարկելի։

Օրինակ, մեկ դրվագով նա բացահայտեց, որ դատախազությունը պնդել է, թե Excel ֆայլերը գոյություն չունեն, մինչդեռ հետագա նիստում դրանցից բացեիբաց օգտվել են։

Նույնքան ապշեցնող էր նաև նրա մեկ այլ բացահայտումը. դատախազությունը դատարանում պնդել է, թե հաշվարկների համար հիմք է ընդունվել փաստացի սպառողական զամբյուղը, մինչդեռ պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ նշված գումարն «ավելի քան երկու անգամ» գերազանցում է իրական թվերը։

Հարությունյանը շեշտեց, որ «դատարանին սուտ տեղեկության ներկայացումը խարխլում է դատարանների սահմանադրական մանդատը»։ Նա հնչեցրեց իր երկու գլխավոր նպատակները: Առաջինը՝ «արմատախիլ անել ձևավորված այն արատավոր պրակտիկան, որը հակասում է օրենքի ոգուն»։ Երկրորդը՝ «նպաստել, որ այս դատավարությունը դառնա օրինակելի՝ օրենքի ճշգրիտ կիրառման, ապացույցների օբյեկտիվ հետազոտման և արդարության գերակայության տեսանկյունից»։

Կարծես թերագնահատելով իրավական ծանրակշիռ հակառակորդին՝ դատախազությունն ակամա հայտնվեց պաշտպանողական դիրքում, քանի որ Դավիթ Հարությունյանը, մանրակրկիտ վերլուծելով յուրաքանչյուր սուտ պնդում, ցույց է տալիս, որ սա ոչ թե մեկ գործի, այլ ողջ համակարգի խնդիր է։

«Միայն այսպես կարող ենք ապահովել հասարակության վստահությունն այս իրավական մեխանիզմի հանդեպ։ Միայն այսպես այն կծառայի կոռուպցիայի դեմ պայքարին, այլ ոչ թե կվերածվի քաղաքական հաշվեհարդարի գործիքի», – եզրափակեց Հարությունյանը։

Հավելենք միայն, որ դատարանը չարձագանքեց Հարությունյանի միջնորդությանը: