«Կառավարություն ես եմ»․ Փաշինյան, «ես էլ եմ կառավարությունը»․ Ս․ Գալյան
«Մենք կառավարության անդամներ ենք, իսկ վարչապետը վարչապետն է և ղեկավարում է կառավարությունը, և կառավարության անդամների և ղեկավարի սահմանադրական կարգավիճակը հստակ է. այդ առումով խնդրում եմ մանիպուլյացիաներ չանեք»,- այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կազմակերպած Երրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում վարչապետի հայտարարությունը, թե՝ «կառավարություն ես եմ»։ «Ես էլ եմ կառավարությունը։ Ինչ-որ առումով մետաֆորիզմ կա այդտեղ, որովհետև ես կառավարության անդամ եմ, կառավարության անդամ են նաև այլ նախարարները և հավաքական առումով մենք բոլորս, այո, կառավարություն ենք»,–ասաց նա։ Դիտարկմանը, որ երբեք ինքը չի հակադրվել վարչապետին, նախարարը նշեց. «Ես կառավարության անդամ եմ, մենք ունենք քաղաքական թիմ, որ եկել է իշխանության, մեր խոսքը, միտքը և գործը պետք է մեկ լինի, և վարչապետի կողմից ասվածը հենց դրա մասին է»։

