Կա՛մ դիմում եք գրում, կա՛մ դառնում ՔՊ-ական․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլև գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:

Այո, Ձեր ասած տարբերակը կա, ոչ միայն անդամակցել, այլև մեզ հետ լինել, կան լուրեր, որ, օրինակ, շանտաժ են անում՝ եթե դիմում չեք գրում, ուրեմն մի խնդիր են գտնում, սպառնում․․․ և այլն»:

Ըստ Ղազինյանի՝ Ռոմանոս Պետրոսյանն այդ ամենը բացահայտ է անում․ «Տանում են մասնաճյուղի պետ նշանակելու, ընդհուպ այսպիսի խոսակցություն է եղել՝ նախկինին հարգում էինք, լավ մարդ էր, բայց մեզ հետ չէր»։